Արմեն Հյուսնունց – Ամենադժվարը ինքդ քեզ չխաբելն է

Поделиться

Արմեն Հյուսնունցը համարվում է Հայաստանի լավագույն սաքսոֆոնահարներից մեկը։ 2010 թվականից Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է։ 2011թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։

Մանկությունից որևէ բան հստակ չեմ կարող առանձնացնել, բայց որպես կյանքի փորձ ունեցող մարդ, ով ունի երեխաներ, կարող եմ ասել, որ ունեցել եմ լուսավոր մանկություն, բոլորի կողմից սեր, գուրգուրանք եմ ստացել, որը դրական ազդեցություն է թողել իմ կյանքի վրա: Մեծացել եմ սիրո, ուշադրության և ջերմության մթնոլորտում: Նույն մթնոլորտն էլ փորձում եմ ստեղծել իմ երեխաների համար: Մանկությանս օրերը անցել են երաժշտությամբ լի, որովհետև ապրում էինք 1 սենյականոց բնակարանում, և ծնողներս շատ ընկերներ ունեին, այդ թվում՝ արվեստագետներ, և մեր փոքր տանը հաճախակի էին լինում ընկերական հավաքներ, որոնք ուղեկցվում էին երգ- երաժշտությամբ, բացի այդ, մայրս էլ երաժիշտ էր և տանը պարբերաբար պրոֆեսիոնալ երաժշտություն եմ լսել:

Երաժշտությունը սիրում են այն տարիքից, որ հիմա չեմ էլ հիշում: Ասում են՝ ժամերով նստել, լսել եմ, բայց երբեք ոչ ծնողներիս, ոչ էլ իմ կողմից երաժիշտ դառնալու ուղղվածություն չի եղել: Երաժշտական կրթություն ստացել եմ 6 տարեկանից, բայց պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու ընտրություն կայացրել եմ շատ ուշ՝ 10 -րդ դասարանում՝ վերջին պահին (հեղինակ՝ ժպտում է): Իմ մասնագիտությունը բավականին ծանր է, և երբեմն, ցավոք, լինում է, որ ոչ թե հիասթափվում եմ, այլ մտածում եմ, թե ինչքանով է այդ մասնագիտությունը նպաստում իմ ինքնադրսևորմանը՝ որպես անհատի, որովհետև կյանքում ես առաջնահերթ անհատ եմ՝ իմ մարդկային բնութագրով, և ոչ թե մասնագիտական: Երբեմն նման կասկած լինում է՝ արդյոք իմ ինքնադրսորման համար ճի՞շտ մասնագիտություն եմ ընտրել, բայց այդ հարցին երևի պատասխան երբեք չեմ կարող տալ: Կային հրապուրիչ մասնագիտություններ, բայց երաժշտություն շատ եմ սիրում:

Հոբբի չունեմ: Սպորտ սիրում եմ, բայց հոբբի չեմ կարող անվանել: Դեռ մի 10 տարի առաջ լողով և ֆուտբոլով էի զբաղվում, բայց մի քանի տարի է՝ դրան ժամանակ չի հասնում: Ինձ համար բեկումնային էր Մոսկվայի զինվորական նվագախմբում ծառայությունը և դրա արդյունքը մինչև հիմա ես զգում եմ, որովհետև աշխատեցի շատ բարձրակարգ և պրոֆեսիոնալ երաժիշտների հետ: Վստահ եմ, որ մարդ իր կյանքում պետք է ունենա իր դժվարությունները հաղթահարելու հնարավորություն և հետո էլ արժևորի այդ հաղթահարածի արդյունքը: Երբեք ակտիվիտ չեմ եղել, բայց ուսանողական շարժմանը համահունչ եմ փորձել լինել, մասնակցել եմ ցույցերին, երթերին:

Այդ ամենի արդյունքը խորը հիասթափությունն էր անկախության առաջին տարիներից սկսած, բայց միևնույն է, ես հիաթափվողներից չեմ և միանշանակ չեմ ուզում գնահատել այն, ինչ ունեցել ենք անկախությունից հետո: Կա բացասականը և կա դրականը, ու պետք է առաջ շարժվել: Ցավոք, այստեղից գնալու հեռանկարը միշտ եղել է, սակայն երբեք չեմ ուզեցել գնալ, սակայն փորձը և կյանքը ցույց է տալիս, որ «երբեք» բառը երբեք չի կարելի օգտագործել, թեև ուզում եմ խոստովանել, որ չեմ ուզում գնալ այս երկրից: Արվեստագետը քաղաքականության վերաբերյալ կարծիք կարող է հայտնել, բայց ես դա չեմ համարում քաղաքականությամբ զբաղվել: Անշուշտ, պետք է տեղյակ լինես, փորձես հետևել իրադարձություններին, երբեմն պարտավոր ես բարձրաձայնել դա, սակայն ներքաշվել քաղաքականության մեջ, որը ես չեմ սիրում և կոմպետենտ չեմ, չեմ համարում ճիշտ:

Քաղաքականությունը դաշտ է, որը խորթ է ինձ համար: Ուզում եմ հիշել Պողոս առաքյալի խոսքը՝ մեր քաղաքականությունը երկինքն է, այսինքն, կա մի վերին քաղաքականություն, որի մոտ մնացած բոլոր քաղաքականությունները ունայն են ու ժամանակավրեպ: Քաղաքականությամբ տարված չեմ, սակայն փորձում եմ հետևել իրադարձություններին, որ իմ կարծիքը ունենամ, որովհետև բարդ ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ կան թաքնված հոգեկործան միտումներ: Էլիտար բառը չեմ սիրում, հենց մի բան պիտակավորում ես էլիտար, այն ամենաբռնի խավի արժեքն է դառնում: Էլիտար բառը դեպի իրեն է ձգում ոչ էլիտար մարդկանց:

Ջազը ենթադրում է հարուստ ներաշխարհ, ինչ-որ պատրաստվածություն, բայց չեմ համարում, որ դա էլիտար մարդկանց համար է: Ցանկալի է, որ ունկնդիրը պատրաստված լինի, նույնիսկ անպատրաստ ունկնդիրը, եթե լսի անկեղծ և բարձր պրոֆեսիոնալիզմով կատարված ջազ երաժշտություն, համոզված եմ, որ կսիրի այն: Այսօրվա համաշխարհային զոմբիացման, գլոբալիզացիայի տենդենցի մեջ մշակութային շերտերը քիչ են, և կա սպառողական հասարակարգի համար ստեղծված ուտելիքի, հագուստի, արվեստի մշակույթ, որին չեմ ուզում մոտ լինել, այն նորմայից ցածր է:

Արվեստի վրա գլոբալիզացիան բացասական հետևանք չի ունենում: Ջազը, լինելով ամերիկյան մշակույթի պտուղ, թույլ է տալիս ցանկացած ազգին դրսևորել իր ազգային ինքնությունը: Չեմ ասում, որ հաղորդակից չլինենք համաշխարհային զարգացումներին, բայց ազգային ինքնությունը պահպանելը շատ կարևոր է:Արվեստը պետք է ազնվացնի, լուսավորի, այն չպետք է զվարճանք դառնա: Իսկական արվեստը զվարճանք չի կարող դառնալ:

Երբեք պետք չէ որևէ բան արգելել, պետք է այլընտրանք տալ:

Հիմա շատ առումներով արվեստը հասցրել ենք զվարճանքի մակարդակի: Շեշտադրությունները պետք է փոխվեն, ամենամեծ համերգասրահներում և հրապարակներում անորակ երաժշտություն է հնչում: Ինձ գնահատված զգում եմ, մարդկանց շրջանակ կա, որ վստահ եմ՝ ինձ հարգում, գնահատում է, ես դա տեսնում եմ, թեև շատ վստահ չեմ, որ շատ գնահատելի մեկն եմ (հեղինակ՝ ժպտում է): Եթե անկեղծ ասեմ՝ ես դրա կարիքը չունեմ, կարևորը ինքդ քեզ չխաբես, քո մասին ավելի մեծ կարծիք չունենաս, պակասն էլ լավ չի, բայց կարևոր է, որ ինքդ քեզ չգերագնահատես:
Այսինքն, ուղղակի գիտեմ, որ կա մի դաշտ, որտեղ ես գործունեություն եմ ծավալում և այն իր պտուղներն է տալիս, այդ առումով գնահատված եմ ինձ զգում: Փորձում եմ համբերատար լինել, դաստիարակել եմ դա իմ մեջ, չեմ կարող ասել, որ իմ խառնվածքով շատ համբերատար եմ, բայց երբեմն բաներ են լինում, որ շատ երկար եմ համբերում:

Փորձում եմ սիրառատ լինել ամեն ինչի հանդեպ՝ աշխատանքս անել սիրով, ընկերներիս հետ լինել սիրով, հարազատներիս, բարեկամներիս հետ լինել սիրով, որովհետև կարծում եմ, դա ամենամեծ, ամենամնայուն արժեքն է աշխարհում՝ սեր ունենալը, սիրով ապրելը: Կոնստանտին Օրբելյանից շատ բան եմ սովորել՝ պրոֆոսիոնալիզմ, պատասխանատվություն, վերաբերմունք աշխատանքին, նվագախմբին ու դեռ կսովորեի, շատ ցավում եմ այդ կորուստի համար: Իսկ առհասարակ՝ սովորել եմ իմ ցանկացած գործընկերոջից ու ցանկացած գործընկեր, ում հետ աշխատել եմ, իմ մասնագիտական կայացման հարցում իր լուման ունի: Ես անընդհատ սովորում եմ, ամեն օր փորձում եմ նոր բաներ բացահայտել, մասնագիտական դժվարություններ հաղթահարել:

Մարդկանց մեջ անկեղծությունը, սրտացավությունը, տալու պատրաստակամությունն եմ գնահատում: Մարդիկ տարբեր են, բայց կարող եմ ասել, որ մարդկանց ճանաչելու առումով ուժեղ ինտուիցիաս ունեմ: Առաջնորդվում եմ «Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզանայիր, որ քեզ հետ վարվեին» սկզբունքով: Ամենադժվարը ինքդ քեզ չխաբելն է, եթե խաբում ես քեզ, ուրեմն դու ուրիշի կյանքն ես ապրում՝ կեղծ:


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *