Արտո Թունջբոյաջյան – Պարտվում ես, եթե խաբում ես ինքդ քեզ

Поделиться

Արտո Թունջբոյաջյանը ծնվել է 1957 թ. Թուրքիայում: Երաժիշտը ստեղծագործում է ավանգարդ -ֆոլք ոճում, մուլտիինստրումենտալիստ է, աշխարհահռչակ «Armenian Navy Band»-ի ղեկավարը:

Նա «Night Ark» հայտնի ջազ-քառյակի հիմնադիրն է, «Sytem of a Down» խմբի վոկալիստ Սերժ Թանգյանի հետ «ՍերԱրտ» նախագծի համահեղինակը:
2006-ին Armenian Navy Band-ն հետ արժանացել է BBC Radio 3 Awards for World Music մրցանակաբաշխության՝ հանդիսատեսի համակրանք մրցանակին, 2011-ին արժանացել է Գրեմմի մրցանակի:

ԱՄՆ-ում առավոտյան արթնանում եմ 4.00-4.30-ին: Երբ Երևանում եմ լինում, առավոտս տարբերվում է, որովհետև այդտեղ գալիս եմ աշխատանքի համար:

Մի քիչ մարզվում եմ, մի ժամ քայլում, հետո երաժշտությամբ եմ սկսում զբաղվել: Չեմ նստում ամեն օր երաժշտություն գրելու, բայց գրում եմ, երբ մի բանից ոգեշնչվում եմ:

Ինձ ոգեշնչում է այն, ինչ պատկերացնում եմ մարդկության համար ու այն, ինչ-որ կյանքը տալիս է այդ օրը:

Ես երաժշտությունը երկու մասի եմ բաժանել՝ գործ և հոբբի, բայց հոբբիս գործ է դառնում, երբ որ զգում եմ, որ մեկը ինձանից մի բան է ակնկալում: Գործ վատ իմաստով չեմ ասում, այդտեղ էլ ստեղծագործում եմ, նորություն եմ անում, բայց երբ մարդը մի բան է ակնկալում ինձանից, փորձում եմ հասկանալ, թե ինչ, ու ինձ համար կարևոր է նախևառաջ իրեն հասկանալը:

24 ժամ մտքումս իմ երգերն են, բայց ուրիշ ազգերի մշակութային երգերն էլ եմ լսում, հասկանալու համար՝ ինչ իմաստ են դնում երգում, ինչ են ուզում ասել դրանով:

Համեմունքը շատ կարևոր է: Դրանով ես տարբերվում ուրիշներից: Երաժիշտը միայն ձայնը չէ, համեմունքի մեջ ես դնում քո ազգությունը, մարդ տեսակը, ամեն ինչը երևում է ձայնիդ մեջ դրած այդ համեմունքում:

Մեզանից մի քանի հոգի չինական ուտելիք են ուտում, բայց արդյոք չինացիները հայկական ռեստորաններ գնո՞ւմ են, այդտեղ է պրոբլեմը: Դրա պատճառը այն է, որ մենք մեր մեջ փակվում ենք, մեր պատմությունը մեր մեջ պահում: Ո՞նց կարող ես մարդկանց քո համեմունքը բացատրել՝ առանց դա գործածել սովորեցնելու: Ես չեմ ասում հայ ազգը ասելիք չունի, հակառակը, եթե այդպես լիներ, ես Հայաստան չէի գա, բայց այն, ինչի շնորհիվ ես մի տեղ հասել եմ, դա բացատրելու շնորհիվ եմ հասել: Դու քո համեմունքով կարող ես ինչ-որ բանի հասնել, բայց առաջինը ինքդ քեզ չպետք է խաբես, վստահ լինես, որ դա քոնն է:

Ես, օրինակ, հարսանիքին կարող եմ նվագել, բայց մարդիկ գիտեն, որ հարսանիքի երաժիշտ չեմ: Չեմ ասում, որ դա վատ բան է, բայց իրենք հասկանում են, որ քոնն արվեստ է:

Երիտասարդները իրենց մտքերը հանձնելու տեղ չունեն: Երիտասարդը ինտերենտում այլ կյանքով են ապրում, բայց իրական կյանքը այլ է: Ես դրա համար եմ նեղվում՝ ինչո՞ւ արվեստագետների կենտրոն չկա, որտեղ երիտասարդները իրենց մտքերը արտահայտեն: Երգիչները բոլորն էլ կարող են տաղանդավոր լինել, բայց որոշները սխալ ուղիով են գնացել, որովհետև ձայնի մեջ դրած միտքն է սխալ: Երաժշտության մեջ պետք է առողջ միտք դնել:

Հայաստանը 22 տարի քնած է, արջերն անգամ 6 ամսից արթնանում են:

Հայ ազգը մաքուր առաջնորդի կարիք ունի: Իսկական առաջնորդը ուսանողներ ունի, սակայն ինքն էլ բոլորի համար ուսանող է, նա իր կյանքը իր ազգի, մարդկության համար պետք է տա, այդպիսի առաջնորդի կարիք ունենք հիմա: Կրեատիվ առաջնորդ է պետք, որ ժողովրդին միտք տա ու դա իրականացնելու հնարավորություն:

Ուզում եմ, որ Հայաստանը արվեստագետների կենտրոն լինի աշխարհի համար: Դրա համար մի բան պետք է անենք, որ մարդկությունը հասկանա, որ իրենց համար ես ապրում, ոչ միայն քեզ համար:

Ինձ համար հաճույք է մարդկությանը ծառայելը: Կոշկարարը, նկարիչը, բժիշկը՝ ամեն մեկը իր ձևով պետք է ծառայի մարդկությանը, ես մի բան մյուսի համար եմ անում, մյուսը՝ իմ համար:

Որքան կեղտոտ է կառավարելու սիստեմը, մաքուր մարդը չի կարող այդտեղ ապրել: Քաղաքականությունը կեղտոտ տեղ է, ես կյանքի մասին եմ խոսում, իսկական արվեստի մասին եմ խոսում, ոչ թե արվեստ բառը գործածողի:

Միայն Հայաստանը չի, շատ երկրներ են այդ վիճակում: Դրա համար էլ աշխարհը առողջ չէ: Ես հավատում եմ, որ այն մի օր առողջանալու է, սակայն ազգեր կան, որ դա շուտ են հասկանում ու անցնում նոր սիստեմին:

Ես դեմ եմ կռվին, պատերազմներին: Մարդը դրանով է տարբերվում անասունից, որ կարողանում է լեզվով բացատրել:

Կռվով մեր ազգը հնարավորություն չունի փոփոխություն անելու, բայց պետք է նստենք միասին՝ չոբանն էլ, հաց վաճառողն էլ, բժշիկն էլ, ու տեսնենք, թե ի՞նչ ենք պատկերացնում վաղվա մեր ազգի համար: Ես այդ միտքը միշտ էլ ունեցել եմ, համբերում էի, սպասում, բայց ժամանակը անցնում է ու ամեն ինչ հետ է մնում:

Ի՞նչ կլինի, եթե մի մարդ Թուրքիայում նոր ավտոմեքենա սարքելու ձևը գտնի, Թուրքիայի կառավարությունը իրանից մեծ փող չի կարողանա վերցնի, բայց դրսից բերածին ավելի մեծ գումար են տալիս, որովհետև նա կոմիսիոն է ուզում: Դրա համար էլ երիտասարդները իրենց մտքերը դուրս են ուզում տանեն ու դուրս են գնում:

Ասում եմ՝ նորից մաֆիոզ լինեն, սակայն իրենց երիտասարդին իրենց մտքերով գումար աշխատելու հնարավորություն տան:

Մենք մտքերով կարող է՝ առաջ ենք, բայց ֆիզիկապես հետ ենք մնում: Կյանքը չի սպասում քեզ, առաջ է գնում, երբ հասկացար դա, դա է գործելու իսկական ժամանակը:

Մեր տիպի ազգերի սխալը սկսվում է իրենք իրենց խաբելուց:

Մանկությունից առաջինը հիշում եմ, երբ 6 տարեկան էի ու վախենում էիր դպրոցից տուն գնալ, որովհետև մտածում էի, որ բոլորը պետք է տեսնեն, որ հայ եմ, բայց այդ ժամանակվանից էլ հպարտ էի իմ ազգության համար:

Հայրս կոշկակար էր: Երբ սկսվեց կոշիկը սոսնձելու սիստեմը, հայրս չփոխվեց: Նա ասում էր, հարևանիս ո՞նց կարող եմ նայել, եթե երկու-երեք շաբաթից նրա կոշիկը պոկվի:

Ամենաշատը մարդկանց մեջ կարևորում եմ մարդ լինել հասկանալը ու մարդ լինելով ապրելը, դա իմ համար ամեն ինչի պատասխանն է:

Սուտն ու ագահությունը վտանգավոր բաներ են, բայց երբ դրանք միանում են, մեծ պրոբլեմ են դառնում:

Ես էլ ագահ եմ, իմ մտքիս համար կարող է ամեն ինչ թողնեմ, գնամ, սուտ ասում եմ, օրինակ, մորս ասում եմ՝ «այո, կերել եմ այսօր», թեև իրականում չեմ կերել, բայց ոչ մի մարդ դրանից չի մահանում: Ինձ համար արժեքավոր է մարդկությանը, բնության վնաս չտվող ամեն միտքը:

Բայց մարդիկ ագահ են, ուզում են հնարավորինս արագ ու շատ վերցնել ամեն ինչ, ինչն էլ հիվանդացնում է աշխարհը:

Եթե մարդկությանը չվստահեի, կգնայի սարերում կապրեի: Մի քանի հոգու սուտը չի նշանակում, որ պետք է առանձնանաս մարդկանցից: Ես մարդկանց հավատում եմ, և միայն մարդիկ կարող են լուծեն իրենց ստեղծած պրոբլեմները:

Տեխնոլոգիաները պրոբլեմ չեն, դա գործածելու միտքն է պրոբլեմ, նույն բանը կարող ես նեգատիվ ու դրական ձևով գործածել:

Շատ հայեր կան, որ հպարտության արժանի են, բայց նրանք ցրված են աշխարհով մեկ ու ոչ մեկ նրանց չի համախմբում իրար հետ:

Ամերիկան էլ պրոբլեմներ ունի, նա պետք է վերադառնա իր գուլպան, կոշիկը, հագուստը ստեղծելուն, իրենք մտածում են, որ իրենք փող ունենք, թող ուրիշները աշխատեն, մենք կառնենք, բայց երիտասարդները դրանից հիմարանում են, չեն մտածում: Այստեղ էլ էկոնոմիկան անկում է ապրել, բայց Ամերիկանն իրավունք ունի այդ սխալը անելու, Հայաստանը՝ չունի: Հայաստանը նավթ, ոսկի չունի, բայց մտքով ամեն ինչ կարող է անել ու 1000 տարի առաջ պետք է մտածի:

Ես սովորում եմ բոլորից, յուրաքանչյուրից ու ամեն օր: Ես բոլորի համար ուսանող եմ: Օրինակ՝ հայրս գրել չգիտեր, բայց կարողանում էր մարդու հոգին հասկանալ, մայրս առողջ կերպով գիտեր կազմակերպել կենցաղը, նրանք իմ համար շատ կարևոր ուսուցիչներ են եղել, բայց յուրաքանչյուրից էլ մի բան կարող եմ վերցնել: Դրա համար էլ կյանքը իմ համար ոչ թե գիրք կարդալու նման է, այլ այդ կարդացածը պետք է հասկանաս:

Ես միշտ շարժման մեջ եմ, չեմ կարող ասել, թե քանի տարեկան եմ, որովհետև ես զգացումով եմ ապրում, ոչ թե տարիներով:

Մարդիկ միշտ դուրս են նայում, բայց ամեն ինչ մարդու մեջ է, պետք է այնտեղ փնտրել ու կգտնես այնտեղ միլինավոր տարիների ինֆորմացիա: Մեկը ուշադիր է լինում, դուրս է հանում դա իր մեջից, մյուսը սուրճ խմելու, խորոված ուտելու է գնում:

Ռոմանտիկի ու ռեալիստի մեջտեղում եմ, երկուսն էլ ունեմ իմ մեջ, բայց մեջտեղն եմ ապրում: 50 տոկոսն եմ ապրում, որովհետև մյուս 50 տոկոսի կարիքն ուրիշն ունի:

Մարդու հիմքը խիղճն է, իմ հիմքը խիղճն է, նպատակս ծառայելն է:

Կրոն չունեմ, բայց հավատը այլ է: Օրենքները չես կարող փոխել, կրոնը օրենքների վրա է հիմնած, բայց հավատքը փոխվում է, որովհետև կյանքն է փոխվում: Հավատքը քո մեջ է:

Կան բաներ, որի համար ափսոսում եմ: Օրինակ լավ կլիներ, «Ավանգարդ ֆոլք մյուզիք» Clab-ը շարունակեինք, հիմա ուրիշ տեղ կլինեինք, բայց դա էլ չես կարող հստակ ասել, որովհետև այդ օրը անցել է, բայց վաղվա համար կարող ես մի բան անել:

Փոքր ժամանակվանից աշխատել եմ, բայց փողի համար չեմ աշխատել, միշտ էլ աշխատածս մորս էի տալիս, հիմա էլ այդպես եմ: Փողը ստեղծողը, դրա մեջ արժեք դնողը մենք են: Ես աղքատ միլիոներ չեմ, որ գրպանը փող ունի, բայց չի կարող ապրել:

Ամեն ինչ փոխկապակցված է, եթե ճիշտ, մաքուր ձևով ես ամեն ինչ անում, մարդիկ դա նկատում են:

Մենակ մարդը չի կարող ոչինչ անել: Օրինակ, եթե ամեն մեկը 1 դոլար տա, այդ 1 դոլարով որևէ բան չես կարող անել, սակայն եթե հավաքես բոլորը մի տեղ՝ մի բան կարող ես անել դրանով:

Ամենակարևորը դասը, որ ստացել եմ կյանքում, այն է, որ մարդ ինքն իրեն չխաբի, որովհետև պարտվում ես, երբ խաբում ես ինքդ քեզ:

 


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *