Երջանիկ եմ, որ նկարիչ եմ – Լևոն Կոջոյան

Поделиться

Լևոն Կոջոյանի «կյանքի կանոնները»:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Կոջոյանը ծնվել է 1924 թ. Ռուսաստանում: Աշակերտել է Հակոբ Կոջոյանին:

Երջանկություն է, բախտավորություն, որ մարդ լույս աշխարհ է գալիս. շնորհակալ եմ իմ ծնողներից և Աստծուց, որ այս աշխարհ եմ եկել և տեսել այս գեղեցկությունը: Փոքր ժամանակվանից նկարել եմ: Շատ էի սիրում ձիեր նկարել, որովհետև հայրիկս ձիերի հայտնի սիրահար էր, ամեն կիրակի մեզ ձիարշավարան էր տանում, դա ինձ վրա մեծ ազդեցություն թողեց: Մենք ապրում էինք կանաչ սարի ստորոտի մոտ և բնությունը շատ մոտ էր մեզ: Մենք հաճախ գնում էինք, մարզվում, վազում, ուրախանում, այդ ժամանակից էլ ինձ վրա գեղեցիկի, բնության դրոշմը մնացել է:

Արվեստը` կերպարվեստը հատկապես, կյանքի, գեղեցիկի գովերգումն է: Բեթհովենը ասել էր, որ կանոն չկա աշխարհում` գեղեցիկի գովերգումը արգելելու: Գեղեցիկը պետք է գովերգել: Աստված պարգևել է մեզ այս մոլորակը և դրախտը հենց մեր երկիրն է, միայն մարդիկ պետք է լինեն զգոն, զուսպ, սիրով, հույսը պահպանեն: Մարդու համար ամենարեջանիկ օրը այն է, երբ ինքը լույս աշխարհ է եկել: Մարդը պետք է ձգտի պահպանել այն ներդաշնակությունը, ինչպիսին որ կա տիեզերքում: Եթե մարդ ընտրել է ինչ-որ մասնագիտություն, ապա պետք է ձգտի հմտանալ, վարպետանալ այդ գործում:

Իմ նշանաբանը կյանքի, գեղեցիկի գովքն է:

Ես առաջընթացի կողմնակիցն եմ: Այն ռեալիզմը, որ կար նախկինում, այժմ դարձել է ավելի կերպարային, արտահայտիչ, փնտրում են գեղեցիկը արտահայտելու այլ միջոց, բայց հիմքում ընկած գեղեցկությունը նույնն է մնացել: Շատ կարևոր է, որ արվեստի գործիչը չմոռանա ազգայինը:  Իմը ամենասովորականի մեջ գեղեցիկը տեսնելն է, դա կլինի անգամ տանը, կամ շուկայում: Դա էլ իմ շնորհն է: Իսկական նկարիչը երբեք չի ասում, որ ինքը իսկական նկարիչ է, միակն է: Իմ կյանքի ամենագեղեցիկ պահը այն էր, երբ ես և հայրս պատերազմի ժամանակ մի պահ հանդիպեցինք, երկուսս էլ զինվորական հագուտով էինք և գրկախառնվեցինք: Հակոբ Կոջոյանը ինձ առաջին հանդիպման ժամանակ ասաց` դու արդեն նկարիչ ես, բայց պետք է սովորես: Մենք ամեն օր սովորում ենք` մինչև մեր կյանքի վերջին օրը: Բնությունը ամենամեծ ուսուցիչն է: Ինձ հիմա էլ ամենաշատը ոգեշնչում է կյանքը:

 

 


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *