Լևոն Մալխասյան – Կարող եք գրել՝ Մալխասը անկանոն մարդ է

Поделиться

15 տարեկանից ամեն ինչ սկսվեց, ու ...
Կարող եք գրել՝ Մալխասը անկանոն մարդ է
: Իմ ռեժիմը, կենսառիթմը խախտված է, որովհետև 50 տարի, ինչքան որ նվագում եմ, քնում եմ առավոտյան 6-ին, արթնանում 12-13-ին: 4-րդ դասարանից ինձ Մալխաս են ասում, չեմ հիշում, ով կնքեց, բայց մինչև այսօր այդպես են ասում: 16 տարեկանում բացահայտեցի ջազի աշխարհը: Այն ժամանակ այս տեխնիկան, որ հիմա կա, գոյություն չուներ, ջարդուխուրդ եղած «պրիյոմնիկներով» ամերիկյան ալիքները բռնում էինք և այդպես առաջին անգամ լսեցի ջազը: Քանի որ շատ խանգարիչ հանգամանքեր կային, երաժշտությունը պարզ չէր լսվում, մի կերպ ձայնարկիչի վրա կամաց-կամաց քայլ առ քայլ փորձում էի վերկանագնել այն, ինչ լսում էի, հետո սկսեցի վինիլային ձայնասկավառակներ հավաքել: Ես լսեցի աստվածային երաժշտություն, որը մինչև հիմա հանգիստ չի թողնում ինձ: Գրեթե ուրիշ երաժշտություն չեմ լսում, ես 70 տարեկան եմ, 50 տարի այդպես է եղել: Երբեք ոչ մի այլ երաժշտական ոճ ինչ չի գրավել՝ ջազից բացի:

Օսկար Փիթերսոնին իմ ուսուցիչն եմ համարում: Ես նրա ձայնասկավառակներով սովորել եմ նվագել, ընդօրինակել և զբաղվել ջազով: Ուսուցիչ եմ իմ դիպլոմով, բայց երաժշտության ուսուցիչ չեմ կարող լինել, քանի որ դիպլոմ չունեմ, բայց ես 50 տարվա մեջ 5000-ից ավելի երաժշտների հետ եմ շփվել, որոնց ուղղություն եմ ցույց տվել, ինչով որ կարողացել եմ և հիմա էլ Մալխաս ջազ ակումբում անում եմ նույնը:

Կրթությունը հարստացնում է քո ներքին աշխարհը և կարող ես երևի ավելի հետաքրքիր դրսևորվել, միակ բանը, որ կրթությունը չի կարող սովորեցնել, դա իմպրովիզն է: Ես որևէ բանի մասին չեմ ափսոսում, որովհետև ինքնուս լինելով՝ համերգներ եմ տվել 40-ից ավելի երկրներում: Ես ինձ համարում եմ ինքնաբավ մարդ: Իմ կյանքում ջազից բացի որևէ բանով չեմ զբաղվել և որևէ պաշտոն չեմ զբաղեցրել:

Ես ունեի 3 երազանք, որոնք իրականացվել են: Առաջինը, երազում էր այցելել ԱՄՆ և լսել մարդկանց, ում ձայնասկավառակները ունեի: Առաջին անգամ, երբ այցելեցի ԱՄՆ, այնտեղ առաջին հերթին բազմաթիվ ջազ ակումբներ այցելեցի, ինչը շատ լուրջ ազդեցություն թողեց ինձ վրա: Մյուս երազանքս Երևանում, որտեղ ծնվել և ապրել եմ, միջազգային ջազ փառատոն կազմակերպելն էր: Դա ինձ հաջողվեց անել 1998, 2000, 2006 թթ. և այլն, և դրանց հրավիրում էի աշխարհի լավագույն ջազմեներին, որոնք գալիս էին Երևան և զարմանում մեր հայ ջազմենների որակից: Եվ երրորդը, ուզում էի ունենալ ջազ ակումբ, որտեղ ամեն հայ, ջահելներն այդ թվում, կգան ու ջազ կլսեն և փառք Աստծո, 9 տարի այցելուների պակաս չունենք:

Եթե ջազմենը ջազմեն չլինի, ոչ մի տեխնիկա չի օգնի իրեն: Ջազմենը պետք է ջազը ֆանատիկորեն սիրի:

Մինչև այսօր ես կարող եմ հպարտորեն ասել, որ թե՛ 1970-ական, թե՛ 1980-ական, թե՛ 2000-ական թթ. միշտ ունեցել ենք շատ լուրջ ջազմեններ, որոնցից շատերը եկել են Հայսատան, որոշները՝ գնացել տարբեր երկրներ, սակայն այսօրվա մեր ջազային երաժիշտներով ցանկացած երկիր կարող է հպարտանալ: Ջազը ինտերնացիոնալ երաժշտություն է: Այն ստեղծվել է ԱՄՆ-ում և այնտեղից է սկզբնավորվել, բայց մեր մոլորակի վրա ցանկացած երկիր ջազային ժանր ունի ու ամեն ազգ դրանում փորձում է իրենը ներդնել: Բոլոր երկրներում առաջինը ջազ ակումբներ եմ մտել, որ ծանոթանամ այդ երկրի ջազմեններին, նրանց կատարման որակին:

Բոլորովին էլ պարտադիր չէ, որ ազգային երաժշտության գործիքներով նվագես, որ զգացվի, թե ինչ ազգության ես պատկանում: Այն բոլոր երկրներում, որտեղ նվագում էի, 10 րոպե հետո ունկնդիրը ասում էր՝ այս մարդը արևելքից է: Ես ինձ համարում եմ բախտ ունեցող մարդ: Երբ դադարեմ զարմանալ, այլևս ջազմեն չեմ լինի:  Ես ինչպես նվագում եմ, այդպես էլ ապրում եմ: Իմ կյանքը իմպրովիզ է: Իհարկե, չես կարող չպլանավորել կյանքդ, բայց չեմ կարող խոսել 2-3 տարվա ծրագրերի մասին:

Ճակատագրին չեմ հավատում, ամեն մարդ ինքն է իր կյանքը դասավորում: Աստված, որ լույս աշխարհ է բերում մարդուն, մի հատ խրամատ է տալիս, ասում է՝ սրանով գնա, հենց սկսես ուրիշ բանով զբաղվել, անկում ես ունենալու: Ես 50 տարի ջազով եմ զբաղվում, որովհետև չինովնիկական դաշտը ինձ չի հետարքրում: Հիմա էլ ունեմ երազանքներ, սակայն չեմ ասի, թե ինչ. ձուկը ջրում՝ առուծախ չեն անում:

Տարիքի հետ կապված՝ ինչ-որ բաներ փոխվում են իմ մեջ, բայց դա շատ ներքին բան է: Կասեմ, որ տարիների հետ ավելի անկեղծ եմ դարձել:

Չեմ սիրում Facebook-ը, գրանցված չեմ որևէ սոցիալական կայքում, որովհետև այնքան շատ է մեր գովազդը, թե՛ ակումբի, թե՛ իմ, որ չեմ համարում, որ ավելի բան է պետք: Բառերով չես կարող ասել ամեն ինչ, ինչ կարող ես ասել երաժշտությամբ: Ջազը նուրբ ու բարդ բան է, երկու բառով դրա մասին չես կարող ասել:

Jazz-Life: Ջազը թարգմանվում է կյանք՝ ամեն վայրկյան, ամեն րոպե: Ջազը նույն կյանքն է:

Ինձ վերջերս տարօրինակ հարց տվեցին՝ չե՞ք կարծում, որ ջազը հիմա մոդայիկ է դարձել: Ասեցի, հարգելիս, ջազը և մոդա բառը չի կարելի համադրել: Ջազը կյանքն է, այն այստեղ սերմնավորվել է դեռ 1938 թ.-ից, երբ գործում էր ջազ նվագախումբը: Ջազը էլիտար չի, դա հակացուցված բառ է ջազի համար, այն կա՛մ սիրում ես, կա՛մ ոչ: Այն ո՛չ դասական է, ո՛չ ժողովրդական, ո՛չ ռոք, ո՛չ ռաբիս, այն առանձին է ապրում: Եթե մարդը գալիս է, նստում է համերգին ու լսում, սրտամոտ է ընդունում, էլ ոչ մի երկրորդական բան պետք չէ:

Երևանը սիրում եմ ամբողջության մեջ, ամբողջությամբ, չկան սիրած վայրեր, սիրում եմ հին Երևանն էլ, նորն էլ, անկախ ամեն ինչից, որովհետև ընկերոջդ էլ պետք է ընդունես իր թերություններով հանդերձ, հակառակ դեպքում՝ ընկերություն չի ստացվի: Ամեն օր գիրք եմ կարդում: Դովլատով եմ շատ սիրում: Սովորություն է դարձել, որ մինչև գիրք չկարդամ, չեմ կարողանում քնել:

Նշանաբան չունեմ, բայց ամենալավ խորհուրդը լսել եմ իմ հորից, որ ասեց՝ մի մարդուց կվախենաս՝ չտեսից: Ինչքան ապրում եմ, փորձում եմ ապրել նրանցից հեռու: Չտես՝ բառի ամենալայն իմաստով:


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *