Հովհաննես Չեքիջյան – Կատարելությունը փախչում է ինձանից

Поделиться

Հովհաննես Չեքիջյան․ «Մինչև էս տարիքս ...
Հովհաննես Չեքիջյանին անվանում են դարաշրջանի երաժշտական արվեստի ֆենոմեն: Նա 53 տարի անընդմեջ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի, 1946-1960 թթ. եղել է Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալը, միաժամանակ 1958-1961 թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։

Մանկությունից ամենավառ հիշողությունս այն է, որ հազիվ 5 տարեկան էի ու չէի խոսում, ծնողներս շատ մտահոգված էին այդ պատճառով: Հիմա էլ, իհարկե, շատ լավ չեմ խոսում: Բայց հայրս  Կոմիտասի աշակերտներից մեկն էր, նրա ընկերները հաճախ գալիս էին մեր տուն ու բազմաձայն երգում, ես էլ նրանց լսում ու կրկնում էի: Խոսել չէի կարողանում, բայց երգում էի: Կոմիտասի երգերը փոքր հասակից մեծ տպավորություն թողեցին ինձ վրա, հետագա կյանքիս վրա այդ տպավորությունս շատ որոշիչ եղավ: Երաժշտությունը այնպիս բան է… դա զուտ նոտաներ կատարելը չէ: Յուրաքանչյուրն էլ կարող է սովորել և նվագել, բայց բացահայտել, թե այդ նոտաներով ի՞նչ է ցանկացել ասել կոմպոզիտորը, ամեն դիրիժորի «ակնոցից» է կախված: Նոտաները նույն են, դրանց մեկնաբանությունն է տարբեր: Դիրիժորը առաջին հերթին մեկնաբան է: Այդ մեկնաբանության տեսակետից պետք է ձգտենք, որ այն հնարավորինս կատարյալ լինի: Ինչքան հասակ եմ առնում, այնքան հասկանում եմ, որ կատարելությունը ինձանից փախչում է: Ես ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան ձգտում եմ կատարելության:

Ամեն մարդ մի բանի համար է ծնված, ամեն մարդ ամեն բան չի կարող անել: Դիրիժորների համար ասում են, որ փայտիկով են ծնվել: Ամեն երաժշիտ չէ, որ փայտիկ կբռնի: Խումբ ղեկավարելու համար էլ լավ երաժիշտ լինելը բավարար չէ, շատ բան կա դրա մեջ, ուրիշ հատկություններ են պետք, որ այդ խումբը միասնական լինի, օրինակ, որ 100 հոգին նույն ձևով մտածեն: Ես խմբի առաջ, որ կանգնում եմ, ոչ թե խմբի անդամների ունակությունների ու հնարավորությունենրի վրա եմ հենվում, այլ նրանց միջից քաշում են այն, ինչ ինձ պետք է: Դա է իմ գաղտնիքը: Արվեստը պետք է բարձրացնի մարդուն, բայց մատուցման ձևեր կան, եթե մարդու ունակությունները հաշվի չառնես, նա չի ընկալի: Խմբի անդամների դեպքում էլ է այդպես, հակառակ դեպքում նրանք չեն կարող իրար հետ նվագել:

Ես ունեմ իմ ձեռագիրը, մեր խումբը ունի իր հնչողությունը: Մեկ ուրիշով այն կդառնա ուրիշ խումբ, դա դժվար է բացատրել, բայց մեր ամեն փորձին ապացուցվում է:

Խումբը ղեկավարելու դժվարությունը այն է, որ հարյուր հայ նույն վայրկյանում պետք է նույն բանը մտածեն, դա շատ դժվար է: Խմբի անդամները պետք է համերաշխ լինեն, որ կարողանան իրար հետ ելույթ ունենալ: Օրինակ, եթե խմբի անդամներից երկուսը իրար հետ առավոտյան վիճած են եղել, նրանց ձայները տարբեր են հնչում երգչախմբում: Մերը միասնական երգելու արվեստն է, հենց դա է, որ տարբերում է մեզ մյուսներից: Ես պարտավոր էի ստեղծել մի խումբը, որ իրար հետ շատ համերաշխ լինի, իհարկե, մարդիկ փոխվում են, բայց հիմնական խումբը իմն է, և իմ հնչողությունը, իմ ձեռագիրը կա շատ որոշակի: Ես հազիվ 14 տարեկան էի, Ստամբուլի խմբում նվագում էի, խմբավարը հիվանդ էր, ինձ առաջարկեցին անցկացնել փորձը: Առաջին անգամ ձեռքս բարձրացրեցի ու հասկացա, որ թեև սա դժվար գործ է, բայց իմ գործն է: Ու արդեն 70 տարի ես բեմի վրա եմ:

Բեմում ես կերպարանափոխվում եմ. այնտեղ ոչ թե անձ եմ, այլ՝ մեկնաբան, և մեկնաբանությունը պետք է մատուցեմ այնպես, որ ժողովուրդը ինձանից գոհ մնա: Ժողովուրդն էլ, երբ նստում է աթոռին, պետք է համերգից հետո այլ մարդ դարձած վեր կենա, առօրյա կյանքից այն կողմ ընկալած, հոգեպես մաքրված գնա դահլիճից: Մի առիթով օդաչուի հետ խոսում էի, ասաց՝ մենք անսարքությունից չենք վախենում, այլ, որ մեր ուղևորների մեջ մի գիժ չլինի: Բեմում ամեն ինչ է եղել: Եղել է, որ հոսանքը անջատվել է՝ շարունակել ենք, բեմից մարդիկ ընկել են՝ շարունակել ենք, պատահել է, որ մկան հետևից կատուն վազել է՝ շարունակել ենք, մի էջի փոխարեն երկուսը շուռ են տվել՝ շարունակել ենք: Իմ գործը ինֆարկտի բուն է, կարող է սիրտդ նույն րոպեին չդիմանալ, որովհետև անակնկալները շատ են:

Երազում էի նավապետ դառնալ, բայց ինչպես ասում են՝ մուրազը մնաց սրտումս, ուզում էի մաքառել ալիքների հետ, բայց դա չեղավ, թեև դա չի նշանակում, որ կյանքի հետ չեմ մաքառել, կյանքի անակնկալները շատ եմ ճաշակել: Երբեք չեմ փորձել վախ ներշնչել իմ խմբի անդամներին, ես վախը չեմ ընդունում, բայց հարգանքը կարևոր է: Փառքի հասած մարդը ճանապարհ անցած մարդ է, ու շատ անգամ փշոտ ճանապարհ անցած մարդ: Իմ ճանապարհին բազմաթիվ դժվարություններ են եղել, որոնք ես հաղթահարելով առաջ եմ գնացել ու ոչ մեկի հետ չեմ կիսվել դրանց մասին: Ես բեմ բարձրացող մարդ եմ, և չհանդուրժողներն էլ ունեմ, դա  անխուսափելի է:

Փողոցում չեմ կարող հանգիստ քայլել, անընդհատ գալիս, մոտենում են մարդիկ, ռեստորանում մեկ էլ կտեսնես, շամպայն են հյուրասիրում, ես չեմ սիրում նման բաներ, բայց ճանաչված մարդու փեշակը դա է: Եթե ես կարողացա ունկնդրի վրա լավ տպավորություն թողնել, ունկնդրի սրտաբուխ ծափահարությունները ստանալ, դա ինձ համար լավագույն գովասանքն է ու դրանից ավելի բարձր վարձատրություն չկա: Աշխարհում ոչ մի միլիարդատեր իմ ստացած ծափերն ու ծաղիկները չի ստացել:

Մինչև վերջերս համոզված եմ եղել, որ փողը կարևոր չէ, և պետք է աշխատել հանուն գաղափարի, բայց հիմա տեսնում եմ, որ փողն էլ կարևոր է, հետևապես իմ կյանքը կամ շատ սխալ, կամ շատ ճիշտ եմ ապրել: Մարդիկ հիմա ձգտում են քիչ աշխատել, շատ փող ստանալ, ես իմ կյանքը հակառակն եմ ապրել: Համերգների ժամանակ մեծ էներգիա եմ վատնում, կյանքիս մի մասը թողնում եմ բեմում, և իհարկե, քնել հնարավոր չի այդ լարվածությունից հետո: Շատ անգամ ուզում եմ խոսել, շփվել մարդկանց հետ, որովհետև այնտեղի կյանքը շատ բարդ է և միանգամայն տարբեր իրական կյանքից, ուզում եմ իրական կյանք վերադառնալ, որովհետև բեմում կտրվում եմ ամեն ինչից:

Ընդհանրապես չափսոսողները հիմնականում կանայք են, տղամարդիկ հաճախ մտածում են, եթե սա չանեի՝ լավ կլիներ: Ես այն տղամարդկանցից եմ, որ երբեք իմ արածը կատարյալ չեմ համարում ու միշտ ձգտում կա կատարելության, սակայն գիտեմ, որ այդ գոյություն չունեցող կատարելությանը հորիզոնի նման մոտենալը հնարավոր չէ: 500 տղամարդու հետ աշխատելը շատ ավելի հեշտ է, քան 5 կնոջ: Ո՞վ կարող է բացատրել կնոջը, կինը այսօր մի բան է ասում, հաջորդ օրը 180 աստիճան փոխված է: Սուտ խոսելը երբեք չեմ կարողանում հանդուրժել, այդ մարդու հետ գործ չունեմ, որովհետև ստախոսը նաև անխելք մարդ է: Նա կարող է այսօր ինձ խաբել, բայց 5 օր կամ 5 տարի հետո դա կարող է ջրի երես դուրս գալ: Սուտը նման է կեղծ փողի, այն կարող է անցնել, բայց մի օր կբացահայտվի: Մեր խմբում ինձ սուտ չեն համարձակվի ասել, ինչքան էլ դժվար լինի, ես պետք է ճիշտը իմանամ, և դրության մեջ կմտնեմ:  Հարգում եմ Աստծո 10 պատվիրանները և առաջնորդվում դրանցով: Երիտասարդներին խորհուրդ կտայի, որ իրենց տեսնեն 3 անձի աչքերով և ավելի դիվանագետ լինեն, քան կան:


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *